Բաքվում յուրօրինակ ինքնասպանություն է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանության վարչությունը հայտնել է, որ միջադեպը գրանցվել է Շիխ լողափում: 55-ամյա անհայտ տղամարդը իրեն քար է կապել եւ նետվել ծովը: Ներկայում պարզվում է նրա ինքնությունը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն ինքնասպանության 149 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել: Ինքնասպանության 11 դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել 11 քաղաքացիներ, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքներն իշխանությունների կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով' ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետություն, ոչ էլ հասարակությունն ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի դարձնելու համար ինքնապան է լինում», -հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար անգամ Բաքվում հունվարին հատուկ ֆլեշմոբ է անցկացվել: