Ադրբեջանում ինքնասպանություն է գործել հերթական անչափահասը: Ինչպես հաղորդում է milli.az լրատվական կայքը, Իմիշլիի շրջանի Գոբեքթալա գյուղի դպրոցի 6-րդ դասարանի 11-ամյա աշակերտ Իսթեմելի Աբիշովը կախվել է իրենց այգու ծառից: Նրա ինքնասպան լինելու իրական պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանի Երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովը APA լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում տարեկան մինչեւ 90 երեխա ինքնասպանություն է գործում: Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: Նրա խոսքով' Ադրբեջանում ինքնասպանության փորձերի արժանահավատ վիճակագրություն չկա եւ չի անցկացվում:
«Ամեն տարի դեպրեսիաներից, ծանր ապրումներից եւ այլ հոգեբանական խախտումներից Ադրբեջանում տառապում են հազարավոր երեխաներ եւ անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում' նաեւ կենցաղային: Վերջին 2 տարիներին մոտ 300 երեխա Ադրբեջանում բախվել է տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարվա ընթացքում 40 երեխա է ենթարկվել սեռական բռնության եւ շահագործման», -ասել է Սեիդովը
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում արդեն 80 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 13-ը' անչափահասների: 4 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008 թ-ին 138, 2009 թ-ին' 165, 2010 թ-ին' 289, 2011 թ-ին' 414, 2012 թ-ին' 482 ինքնասպանության դեպք է գրանցվել: 2013 թ-ին 920 ինքնասպանության դիմելու փորձ է կատարվել, որոնցից առնվազն 500-ն ավարտվել է մահվամբ: