Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանության բողոքը, որով նրանք ցանկանում էին հասնել Հեյդար Ալիեւի հուշարձանի հնարավոր ապամոնտաժման արգելքին։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Cronica հրատարակությանը։
Տվյալ հուշարձանը կանգնեցվել էր Մեխիկոյի կենտրոնական հրապարակում անցյալ տարվա ամռանը։ Միաժամանակ հաղորդվել է, որ հրապարակի վերակառուցման համար Ադրբեջանը ներդրել է մոտ 5 մլն. դոլար։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մեխիկոյի ղեկավարությունն Ալիեւի հուշարձանի տեղափոխման հարցի քննարկման համար հանձնաժողով է կազմել, քանի որ հուշարձանը քաղաքի բնակիչների շրջանում բոռւն բողոքի ալիք է բարձրացրել։ Հանձնաժողովը Մեխիկոյի իշխանություններին խորհուդ է տվել Հեյդար Ալիեի հուշարձանը տեղափոխել մեկ այլ վայր՝ դա բացատրելով Բարեփոխումների փողոցի ճարտարապետական ծանրաբեռնվածությամբ։
Ադրբեջանի դեսպանությունը դեմ է հանդես եկել Ալիեւի հուշարձանի ապամոնտաժմանը։ Դեսպանատունը հայտարարել է, որ հուշարձանն այգում կանգնեցվել է տեղական իշխանությունների եւ ադրբեջանական դեսպանության համաձայնությամբ եւ, որ այդ համաձայնությունը պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնացել է դադարեցնել Մեքսիկայի տնտեսության մեջ ներդրումներ անել եւ փակել դեսպանությունը։
Հուշարձանի ապամոնտաժումն արգելելու նպատակով՝ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է տարածաշրջանային դատարան՝ հուշարձանի ապամոնտաժումն արգելելու խնդրանքով։ Տարածաշրջանային դատարանը այդ խնդրանքը քննարկել է 2012 թվականի նոյեմբերին եւ մերժել այն։ Ֆեդերալ վարչական դատարանը եւս նմանատիպ որոշում է ընդունել։ Գործն ուսումնասիրելուց հետո՝ դատարանը եկել է այն եզրակացության, որ վերոնշյալ համաձայնությամբ կանգնեցված հուշարձանի ճակատագիրն ինքը չի կարող որոշել։