Ադրբեջանի նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն Հեյդար Ալիեւի գաղտնիքները փոխանցել է ամերիկացի դիվանագետներին եւ դրա դիմաց վարձատրվել: Նման սենսացիոն հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդես է եկել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը:
«Ենի Մուսավաթ» թերթում իր հասցեին Գուլուզադեի բարձրաձայնած սադրիչ արտահայտություններին ի պատասխան' Ռասիմ Աղաեւը virtualaz.org-ում իր գործընկերոջը մեղադրել է քաղաքական երկերեսանիության մեջ:
Ռասիմ Աղաեւը մեջբերել է դեռեւս 10 տարի առաջ Զարդուշտ Ալիզադեի հետ համատեղ հրատարակած' «Երկրորդ հանրապետության վերջը» գրքից հետեւյալ հատվածը, որտեղ խոսվում է նրանց մասին, ովքեր սուր քաղաքական պայքարի ժամանակաշրջանում փորձել են նստել երկու աթոռի վրա' մանեւրելով Կոմկուսի Կենտկոմի եւ Ժողվորդական ճակատի շտաբի միջեւ:
«…Նախագահի ծառայությունների աշխատակիցները միանգամայն գիտակցաբար սկսել էին հեռավորություն պահպանել կուսակցական ապարատից, նրանցից ոմանք թաքցնում էին իրենց համակրանքը Ժողճակատի առաջնորդների նկատմամբ: Միջազգային բաժնի ղեկավար Վաֆա Գուլուզադեն առիթի դեպքում պիջակի դարձածալի տակից ցուցադրում էր Էլչիբեյի դիմապատկերով կրծքանշանը:
Ժամանակի ընթացքում Ժողճակատի առաջնորդի պատկերը նա փոխարինեց իր նոր կուսակցական ղեկավար Հեյդար Ալիեւի դիմապատկերով: Իշխանության համար պայքարի սրման փուլում այդ քաղաքական երկդիմությունը բացահայտ դա վաճանական ձեւ էր ընդունել»:
Ռասիմ Աղաեւը հոդվածում նշում է Ադրբեջանի ամեն ձախողում Ռուսաստանի վրա բարդելու եւ Արեւմուտքի նկատմամբ Գուլուզադեի ունեցած անթաքույց համակրանքի ցուցադրությունը: Նրա խոսքով' գուցե դա կապված է «ժամանակի քաղաքական կոնյուկտուրայի հետ», սակայն, նաեւ հիշեցնում է նախկին Նախագահ Այազ Մութալիբովի եւ արտասահմանցի հետախուզական գործակալներից մեկի «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցարզրույցներում միջազգային հարցերով բարձրաստիճան չինովնիկ Վաֆա Գուլուզադեի կողմից ինչ-որ ծառայությունների դիմաց մեծ փողեր վաստակելու մասին արած արտահա յտությունները:
«Նա այժմ էլ աշխատում է վաստակել հանգուցյալ նախագահի անունից: Հորինում է, թե իբր Հեյդար Ալիեւը մշտապես հավանության է արժանացրել իր ելույթները: Դրան հավատալ հնարավոր չէ, քանի որ նրա դավաճանությունը եղած փաստ է:
Եթե դյուրահավատ Այազ Մութալիբովը նախագահի աշխատակազմից տեղի ունեցող տեղեկատվական արտահոսքին այնքան էլ ուշադրություն չէր դարձնում, ապա փորձառու քաղաքական գործիչ, գեներալ Հեյդար Ալիեւը հանգամանորեն ուսումնասիրել էր Ադրբեջանում առկա իրավիճակի մասին ամերիկացի դիվանագետների խորապես եւ կասկածելի տեղեկացված լինելու պատճառների հիմքերը: Դրա նկատմամբ նրա արձագանքը չուշացավ եւ շատ կոշտ եղավ:
Արդյունքում' Հեյդար Ալիեւը Գուլուզադեին ազատեց աշխատանքից եւ հնարավորություն տվեց նրան իր դավաճանական ծառայությունները կատարել նախագահական պալատից դուրս», -հոդվածում նշել է ադրբեջանցի քաղաքագետը: