Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, մեկնաբանելով երիտասարդ մուսավաթական Ֆարաջ Քերիմլիի ձերբակալությունը, որին սոցցանցերում հոգեմետ նյութերի պրոպագանդա է մեղսագրվում, հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների հասցեին ուղղված սուր հայտարարությամբ:

 

Ֆ. Քերիմլին ձերբակալվել է Բաքվի առողջության կենտրոնում, ուր նա բուժման համար բերել էր իր հիվանդ մորը: Երիտասարդին ձերբակալել են վերակենդանացման բաժնի դիմաց, որտեղ էլ, իբրեւ, նրա մոտ հայտնաբերել են թմրանյութ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մուսավաթականներն ու մյուս ընդդիմադիրները գտնում են, որ իրականում նրան ձերբակալել են Ադրբեջանով 3 տ հերոին տարանցվելու փաստը քննադատելու համար, որը հայտնաբերվել էր Վրաստանում:

 

Իսա Գամբարը Facebook-ի իր էջում իշխանությունների դեմ վճռական պայքարի կոչ է արել: «Մուսավաթ»-ի երիտասարդ ակտիվիստ Ֆարաջ Քերիմլիի ձերբակալությունը վկայում է ալիեւյան ռեժիմի դեմ դեմոկրատական ուժերի պայքարի վճռական փուլն սկսվելու մասին: Քանի որ մենք կողմնակից ենք արդարությանը, ազատությանն ու արժանապատվությանը, հաղթանակը մերն է լինելու: Ավտորիտար ռեժիմի պարտությունն անշրջանցելի է, իսկ դեմոկրատական ուժերի, երիտասարդության հաղթանակը' անխուսափելի, եւ ոչ ոք չի կարող խանգարել դրան», -ասել է ընդդիմադիր կուսակցապետը: