Ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուն հայտարարել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող ադրբեջանցիները մոտ ժամանակում զանգվածաբար կոչնչացվեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` axar.az-ը հայտնում է, որ այդ մասին ադրբեջանցի քաղաքագետը գրառել է facebook-ի իր էջում:

 

«Մի քանի օր առաջ Իրաքում սպանվեցին ԻԼԻՊ-ի շարքերում կռվող 24 չեչեններ: Իրաքի բանակի կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն' այդ 24 չեչեն մարտիկները Ֆալլուջա քաղաքի մոտ Իրաքի ավիացիայի կողմից ոչնչացվել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին պայթեցնել Բաղդադը խմելու ջրով ապահովող ջրագիծը: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է նաեւ, որ Իրաքի բանակն այդ մասին նախապես տեղեկացվել է: Եթե նկատի ունենանք, որ չեչեններն ու ադրբեջանցիները Իրաքում եւ Սիրիայում կռվելու համար ներգրավվում են միեւնույն ուղիով, ապա չի բացառվում, որ մոտ ժամանակում զանգվածաբար կոչնչացվեն նաեւ այդ երկրներում կռվող ադրբեջանցիները», -նշել է ադրբեջանցի քաղաքագետը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) կատարել Սիրիայում: