Ադրբեջանի եւս մեկ քաղաքացի է մեկնել Սիրիա, որպեսզի «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբնավորման կազմում կռվի կառավարական ուժերի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի իրավապահ մարմիններին:
Խոսքը Ադրբեջանի Օղուզի (Վարդաշեն) բնակիչ Վուգար Հաշիմովի մասին է: Մինչ Սիրիա մեկնելը Հաշիմովը քաղաքի ինտերնետ-ակումբի սեփականատերն էր:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ԻԼԻՊ-ի կազմում կառավարական ուժերի դեմ կռվում է Ադրբեջանի 500-ից ավելի քաղաքացի, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: