"Ադրբեջանցիները մշտապես մեղադրել են հայերին' որպես ոխերիմ թշնամի, սակայն հայտնվել է մեկը, ով մեղադրում է յուրայիններին: Սա, իհարկե, դժվար ընկալելի է նման հասարակության համար”, -այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը' մեկնաբանելով Աքրամ Այլիսլիի շուրջ ընթացող զարգացումները:
Քաղաքագետը վստահեցնում է, որ բոլոր սադրանքների հետեւում կանգնած են Բաքվի իշխանությունները: "Հասարակ ժողովուրդը այդքան շատ բան չգիտի վեպի մասին: Այն հրատարակվել է ռուսերեն լեզվով' այն էլ Մոսկվայում' “Ժողովուրդների բարեկամություն” ամսագրում: Մեզ մոտ չկա տպագիր տարբերակը, Ադրբեջանում այն հասանելի է միայն ինտերնետի միջոցով:
Եվ ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացին չի կարդացել այդ վեպը, այլ միայն հեռուստատեսությամբ է լսել վեպի մասին: Իսկ քանի որ հեռուսատեսությունն ամբողջովին ծառայում է Ալեւի քարոզչամեքենային, ապա ինչպես վեպի, այնպես էլ գրողի հանդեպ քննադատական մեկնաբանությունները հասնում են ծայրահեղության' գրողին որակելով որպես ազգի դավաճան” ,- ասել է Յունուսովը:
Ըստ նրա' Աքրամ Այլիսլիի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի բացառապես պայմանավորել հայկական գործոնով: "Ադրբեջանական իշխանությունների զայրույթի հիմանական պատճառն այն է, որ գրողը հանդգնել է ոչ միայն քննադատել, այլեւ մեղադրական փաստեր ներկայացնել Հեյդար Ալիեւին:
“Քարե երազներ” վեպում Այլիսլին բաց տեքստով մեղադրում է Հեյդար Ալիեւին' սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ: Սա ոչ մի կերպ չի կարող հանդուրժել Իլհամ Ալիեւի վարաչակարգը, ուստի եւ դիմում են նման քայլերի”- նշել է ադրբեջանցի քաղաքագետը: