«Ինստիգեյթ Ռոբոտիկս» ընկերության աշխատակիցները մշակել են անօդաչու թռչող սարքերի սեփական ծրագրային ապահովման հիմքը և այժմ աշխատում են սարքերի կայունության կատարելագործման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայնեց «Ինտիգեյթ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը: ««Ինստիգեյթ Ռոբոտիկս»-ի մասնագետները հիմա արդեն ստուգում են անօդաչու թռչող սարքերը եզրային պայմաններում' հատկապես ուժեղ քամու ժամանակ, թե դրանք ինչպես են իրենց պահում: Այդ ուղղաթիռները շատ զգայուն են քամու նկատմամբ, չեն հասցնում իրենց դիրքը պահեն: Այսօր դա ամենամեծ խնդիրներից է, մոտավորապես, 20 կմ/ժ քամու տակ կոպտերները ջարդվում են և ամենամեծ պատճառներից է, որ կիրառության մեջ չեն մտնում: Հիմա մենք այդ եզրային դեպքերն ենք կարգաբերում, որ նման վիճակներում էլ նորմալ աշխատեն ու մրցակցեն աշխարհի այլ առաջատար ընկերությունների ստեղծած ղեկասարքերի հետ»,- ասաց Վահագն Պողոսյանը' հավելելով, որ աշխարհում վաճառվող բոլոր սարքերն էլ քամու պայմաններում ունեն նման խնդիր:
Անօդաչու թռչող սարքերի կատարելագործման մյուս ուղղությունը, որի վրա աշխատում են «Ինստիգեյթի» մասնագետները ուղղաթիռի ավելի անվտանգ ու պաշտպանված մարմնի ստեղծումն է: «Մոտ մեկ ամիս է' աշխատում ենք ուղղաթիռի ապարատի վրա: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք աշխարհում, սարսափելի վտանգավոր է: Ուղղաթիռի պտուտակները պտտվում են 3000 պտույտ/րոպե արագությամբ, որի տակ բարակ պտուտակն ինչին դիպչի, կկոտրի. մատը, ձեռքը, գլուխը: Հետևաբար, անհնար է դա օգտագործել, եթե պաշտպպանված չլինի»,-նշեց գլխավոր ինժեները:
Վահագն Պողոսյանը ներկայացրեց ամերիկյան համալսարանների օրինակը, որոնց իրենք էդուկոպտերներ են մատակարարում: «Ամերիկյան համալսարանները, որոնք մեզանից գնում են էդուկոպտերները, փորձարկման ժամանակ դա պահում են ցանցի ներսում: Այսինքն' ֆիզկուլտուրայի սրահի չափ տարածքը պատվում է ցանցով, որ այդ անօդաչու սարքը սխալի պատճառով դուրս գա տարածքից, չհասնի ուսանողին ու չվնասի նրան»,-ներկայացրեց նա:
Վահագն Պողոսյանի դիտարկմամբ' փոքրիկ ուղղաթիռները, օրինակ, պիցցայի առաքման մեջ օգտագործելու ցանկությունն անկատար կմնա նման տիպի սարքերի պարագայում: «Եթե հիմա փորձենք այդ ուղղաթիռն այնպես օգտագործել, որ այն պիցցա առաքի մարդկանց տուն, այդ մարդու գլուխը կարող է կտրել, երբ հասնի նրան: Պրակտիկորեն սուտ է, որ մի օր դրանք պիցցա են բերելու, երբ դա լինի, ուղղաթիռների տեսքն այսպիսին չի լինի: Դրանք հատուկ պաշտպանված կլինեն, հիմա մենք նոր տարբերակ ենք ստեղծում, որ պաշտպանված ու անվտանգ լինի»,-ավելացրեց «Ինստիգեյթ» ընկերության գլխավոր ին ժեները:
«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն է, որի տեխնիկական և ծրագրային ապահովման թիմերը տեղակայված են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում և Գորիսում։ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն ներկայացուցչություններ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսրայելում, Վրաստանում։ Ընկերությունը գործում է 2005թ. հուլիսի 6-ից և ներկայումս ունի ավելի քան 120 ինժեներ։