Ադրբեջանը չի պահպանում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կետերը եւ տարեցտարի ավելի խոշոր չափերով է խախտում այն: Հարեւան պետությունը հատկապես ձեռք է բերում մարտական տանկեր, զրահամեքենաներ եւ հեռահար հրանոթներ: «Այդ մասին Հայաստանն ահազանգում է նաեւ սպառազինության պայմանագրի իրականացման խնդիրներով զբաղվող հատուկ կառույցներին, սակայն իրական քայլերը, որոնք կարող է երկիրը ձեռնարկել, սեփական անվտանգությունն ապահովելն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների եւ միջազգային անվտանգության վերահսկողության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Ադրբեջանին զենքի մատակարարման հիմնական պետություններն են' Ռուսաստանը, Իսրայելն ու Ուկրաինան: Սամվել Մկրտչյանի ներկայացմամբ, 2007 թվականից Ռուսաստանի Դաշնությունը սառեցրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործումը, որեւէ խոչընդոտող հանգամանք չկա եւ երկիրը կարող է զենք վաճառել:
Ինչ վերաբերում է սպառազինության խախտումներին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սամվել Մկրտչյանն ասաց, որ պայմանագիրն իրավական մեխանիզմներ չի նախատեսում խախտող երկրների համար: «Ամեն ինչ արտահայտվում է քաղաքական հայտարարությունների տեսքով: Խնդիրն այն է, որ1990-ականների սկզբին կնքված պայմանագիրը հնացել է: Այն գործում է, սակայն այլեւս չի արտացոլում իրերի իրական դրությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է վերսկսել պայմանագրի արդիականացման շուրջ բանակցությունները: Հարկավոր է նոր պայմանագիր, որը կհամապատասխանի այժմյան պահանջներին: Ընդ որում, նոր փաստաթուղթը պետք է խախտումների համար պատժամիջոցներ նախատեսի»,-եզրափակեց Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: