Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը լավ պայմաններ է ապահովում անվտանգության մարմինների համատեղ աշխատանքի համար՝ ԱՊՀ-ի երկրների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությունում:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը շատ ակտիվորեն են շարժվում հետխորհրդային տարածքի տնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացման ճանապարհով: 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միությունը, ինչը լրացուցիչ շատ լավ նախադրյալներ է ստեղծում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության ոլորտի անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատանքի համար»,- ասել է Պուտինը:
«Ակնկալում ենք, որ դուք ձեր ավանդը կներդնեք մեր այդ համատեղ աշխատանքում»,- հավելել է ՌԴ-ի նախագահը: Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատակիցների պատրաստել ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների համար: «Մենք շարունակում ենք օգնել Համագործակցության երկրների մեր բարեկամներին՝ կադրեր պատրաստելու հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների համար: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք այսուհետև էլ նույն կերպ կվարվենք»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Մոսկվայում հուլիսի 8-10-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստը: ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը մասնակցում է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ: