Զինված ահաբեկչական խմբավորումը հուլիսի 10-ին հարձակվել է Համայի շրջանի Թակսիս գյուղի խաղաղ բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հարձակման հետևանքով 3 կին զոհվել է, մեկը' վիրավորվել, մյուսն առևանգվել է: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ խմբավորումը գյուղ է ներխուժել Ռուսաթան գյուղի կողմից, գլխատել նույն ընտանիքի 3 կանանց և խոշտանգել մարմինները:
Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, զինված ահաբեկչական խմբավորման հարձակման զոհ են դարձել Համայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խատտաբ գյուղի բնակիչները: Զանգվածային սպանության զոհ է դարձել 14 քաղաքացի, այդ թվում՝ կին և երեխաներ:
«Իսլամական բանակ» խմբավորումը հայտարարել է, որ իր հսկողության տակ է վերցրել Մասրաբա գյուղը, որը գտնվում է Դամասկոսի մերձակայքում: Խմբավորումը հսկողություն է հաստատել ԻԼԻՊ-ի հետ թեժ մարտերից հետո: Մյուս կողմից, քրդական ուժերը հայտարարել են, որ ԻԼԻՊ խմբավորման ավելի քան 35 անդամներ են սպանվել Հալեպի Քուբանի շրջանում տեղի ոնւեցած մարտերի ժամանակ: Տեղեկություններ կան նաև, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի «Մաշա» դպրոցի վրա:
Բախումները շարունակվում են Հոմսի շրջանում: Կանխվել է Մաշրաֆա գյուղ մտնելու զինյալների փորձը: Նրանք մի քանի հրթիռ են արձակել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 քաղաքացի վիրավորվել է: Բախումները վերսկսվել են Ում Շարշուհ գյուղի մերձակաքում:
Սիրիայում, ՄԱԿ-ի տվյալներով, եռամյա հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: