Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 11-ին Սոչիում հանդիպում կունենա Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական համագործակցության հարցերն առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական, էներգետիկական, ենթակառուցվածքային, հումանիտար և մշակութային բնագավառներում: «Բացի այդ, պլանավորվում է քննարկել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ինտեգրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության' հուլիսի 10-ին տարածված հաղորդագրության համաձայն' Հովիկ Աբրահամյանը կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա այնտեղ իրականացված աշխատանքներին:

 

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: