Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային պահանջարկի աճի տեմպերը հաջորդ տասնամյակում կդանդաղեն բնակչության ավելի դանդաղ աճի պատճառով, սակայն սպասվում Է այն մթերքների պահանջարկի զգալի աճ, որոնք սպիտակուցներ են պարունակում:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն արել են ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):

 

«Հացահատիկային մշակաբույսերը դեռեւս մնում են աշխարհի բնակչության մեծամասնության սննդակարգի հիմքը, սակայն եկամուտների աճը, ուրբանիզացումը եւ սննդի հարցում նախապատվությունների փոփոխությունները հանգեցնում են սպիտակուցների, ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ մթերքի օգտագործման աճի»,-ասված Է հաշվետվության մեջ:

 

Փորձագետներն այն կարծիքին են, որ հաջորդ տասնամյակում մսամթերքի սպառումը տարեկան միջին հաշվով կավելանա 1,6 տոկոսով. արդյունքում՝ 2023 թվականին գործածվող մսամթերքի ծավալը կաճի տարեկան 58 մլն տոննայով, իսկ թռչնամիսը ժողովրդականության ցուցանիշով առաջ կանցնի խոզի մսից:

 

Այդ պայմաններում կմեծանա այն բույսերի պահանջարկը, որոնք կարելի Է օգտագործել որպես անասնակեր, մասնավորապես, եգիպտացորենի եւ սորգոյի: FAO-ի վերլուծաբանների կարծիքով՝ ինը տարի հետո այդ հացաբույսերի պահանջարկը կաճի տարեկան 160 մլն տոննայով. դրա հետ մեկտեղ դրանց գները, ինֆլյացիայի հաշվառմամբ, գրեթե չեն փոխվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: