Մեքսիկայի ոստիկանությունը շուրջ 450 դեռահասների է ազատել մանկատնից, որը գտնվում է Սամորա քաղաքում (Միչոականի նահանգ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նախնական տվյալների համաձայն՝ երեխաներին պահում էին անմարդկային պայմաններում. նրանց ստիպում էին քաղաքի փողոցներում մուրացկանություն անել և սպառնում էին սեռական ու ֆիզիկական բռնությամբ: Մանկատան սաներին ստիպում էին քնել հատակին՝ առնետների, շնաճանճերի ու լվերի հետ, սնվել փչացած կերակուրով, իսկ շատերին երբեք չէր թույլատրվում հեռանալ մանկատան շենքից, այդ միջադեպի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը, հաղորդել է Associated Press գործակալությունը:

 

Ոստիկանական հատուկ գործողության ընթացքում, որում իշխանություններն ստիպված են եղել ներգրավել բանակային ստորաբաժանումներ, ազատվել են նաև 138 չափահասներ, որոնց բռնությամբ պահում էին մանկատանը: Նրանցից ավագը 40 տարեկան էր:

 

Ոստիկանությունը ձերբակալել է մանկատան տիրուհուն՝ Ռոզա դել Կարմեն Վերդուսկոյին և հաստատության ևս ութ աշխատակիցների: House of the Big Family մանկատունը, որը տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Mama Rosa's Home (Մամա Ռոզայի տուն), բացվել է ավելի քան 40 տարի առաջ: Տեղական հրատարակությունների լրագրողների խոսքով՝ Վերդուսկոն և նրա մանկատունը լայնորեն հայտնի էին և վայելում էին նահանգի բնակիչների ու իշխանությունների հարգանքը:

 

Ինչպես հաղորդում է International Business Times ինտերնետ-հրատարակությունը, մանկատան սաների կենսապայմանների վրա ոստիկանության ուշադրությունը հրավիրել են ծնողները, որոնց հաստատության տերերը բազմիցս մերժել են տեսակցել երեխաների հետ:

 

Եթե բոլոր կասկածները հաստատվեն, այս միջադեպը կդառնա մասնագիտացված հաստատություններում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենամասշտաբային դեպքերից մեկը Մեքսիկայի ողջ պատմության ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: