Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շարունակում է աշխատանքային այցերը համայնքներ, որոնք կատարում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրերին' տեղում լսելով բնակիչներին եւ ծանոթանալով առկա հիմնախնդիրներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում վեր հանված խնդիրները հիմնա կանում դառնում են օրակարգային հարց եւ ներկայացվում ՀՀ կառավարության ուշադրությանը, իսկ որոշակի խնդիրներ էլ լուծում են ստանում տեղում: Այս անգամ մարզպետն այցելեց Գավառի տարածքի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Սեւանի տարածքի Նորաշեն գյուղեր եւ Սեւանի քաղաքային պոլիկլինիկա:

 

Հայրավանքի գյուղապետարանում Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի եւ գյուղապետարանի աշխատակազմի անդամների հետ քննարկեց գյուղի մանկապարտեզի հիմնմնան, ոռոգման եւ արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման, գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման հետ կապված խնդիրներ: Մարզպետը հավաստիացրեց, որ 2015թ. ընթացքում արոտների ջրարբիացման համակարգի ստեղծման եւ ճանապարհի հիմնանորոգման խնդիրները լուծում կստանան, այս տարի իրողություն կդառնա մանկապարտեզի բացումը:

 

Խոսրով Խլղաթյան

 

Բերդկունք համայնքում մարզպետը խոստացավ աջակցություն ցուցաբերել գյուղ մտնող ճանապարհի 200 մետր հատվածի ասֆալտապատմանը:

 

Լճափ համայնքում մարզի ղեկավարը ծանոթացավ Գավառ-Սեւան մայրուղուց մինչեւ գյուղամեջ ձգվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ պետական բյուջեից տրամադրված 103 մլն դրամով:

 

Համայնքապետարանում համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի եւ կրթամշակութային հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ մարզպետը քննարկեց դպրոցի մի մասնաշենքի ջեռուցման համակարգի անցկացման, բուժամբուլատորիայի համար շենքային բարվոք պայմաններ ստեղծելու, հիմնանորոգվող ճանապարհի մի հատվածում ջրահեռացման հա մակարգ կառուցելու, ոռոգման ներքին ցանցը շահագործելու համար նոր պոմպակայան կառուցելու հետ կապված խնդիրները:

 

Խնդիրներին մոտիկից ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարը այցելեց Լճափի մանկապարտեզ, բուժկետ եւ միջնակարգ դպրոց: Հիմնանորոգված մանկապարտեզի շուրջտարյա աշխատանքը ապահովելու նպատակով մարզպետը խոստացավ աջակցել ջեռուցման համակարգի անցկացմանը:

 

Նորաշեն համայնքում մարզպետն այցելեց բուժկետ, հանդիսությունների սրահ եւ դպրոց, ապա հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի, ավագանու, աշխատակազմի հետ եւ քննարկեց համայնքի լուսավորության ցանցի անցկացման ու դպրոցի տանիքի հիմնանորոգման հարցերը:

 

Երկու դեպքում էլ նա խոստացավ համապատասխան աջակցություն' միաժամանակ դրվատելով համայնքի ղեկավարի եւ ավագանու համագործակցված եւ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ այստեղ վերջին տարիներին իրականացվել են կենսական նշանակության մի շարք ծրագրեր' մշակույթի տան հիմնանորոգում, հանդիսությունների սրահի բացում, դպրոցի շենքի գազաֆիկացում, ջրամատակարման բարելավում:

 

Մարզպետի այցի վերջին կանգառը Սեւանի քաղաքային պոլիկլինիկայում էր, որտեղ Ռաֆիկ Գրիգորյանը բուժանձնակազմի հետ քննարկեց աշխատանքային բնույթի մի շարք հարցեր: