Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում եւ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն գյուղերում զարգացման մեկ ընդհանուր ծրագրի ներդրման արդյունքում լուծում կտրվի արոտների ջրարբիացման խնդրին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Հայրավանք գյուղում աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում նախատեսվում է իրականացնել արոտների ջրարբիացման համակարգի կառուցման ծրագիր, որով հիմնախնդիրը լուծում կստանա վերոնշյալ 6 համայնքներում:
Այժմ ընթացքի մեջ են նախագծման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքները կծավալվեն 2105 թվականի ընթացքում: Բերդկունքի գյուղապետ Ալիկ Դադիկյանի հավաստմամբ' արոտների ջրարբիացման համակարգը գործել է ԽՍՀՄ տարիներին' ձգվելով մոտ 20 կիլոմետր եւ խմելու ջրով ապահովելով Գավառ քաղաքի, Բերդկունք, Հայրավանք, ԼՃափ, Ծովազարդ եւ Նորաշեն համայնքն երի արոտավայրերում արածող տասնյակ հազարավոր գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններին:
Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո համակարգը մատնվել է անգործության, թալանվել է ինչպես Գավառի «Խաչեր» թաղամասից դեպի արոտներ ջուր մղող պոմպակայանը, այնպես էլ' խողովակաշարերի որոշակի հատվածներ: Ջրարբիացման համակարգի վերացումից հետո նշյալ համայնքների անասնահոտերն արածացվել են բնակավայրերին կամ Սեւանա լճին մոտ տարածքներում, իսկ հեռագնա եւ փարթամ արոտավայրերը հիմնականում մնում են անօգտագործելի:
Ծրագրի իրականացումից հետո թե Գեղարքունիքի մա րզպետը, թե համայնքների ղեկավարները եւ անասնապահությամբ զբաղվողները ակնկալում են անասնապահության զարգացում եւ անասունների մթերատվության բարձրացում: Թե որքան գումար կծախսվի ջրարբիացման նախկին համակարգը վերագործարկելու ուղղությամբ, պարզ կդառնա նախագծման աշխատանքների ավարտից հետո:
Խոսրով Խլղաթյան