Գեղարքունիքի մարզում տեղումները ձյան տեսքով սկսվել են դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում, ինչի հետեւանքով ճանապարհները ծածկվել են ձյան շերտով՝ որոշ տեղերում դժվարանցանելի վիճակներ ստեղծելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը՝ տեղացած ձյան շերտը կազմել է 5-15 սանտիմետր: «Անցած գիշերվա եւ առավոտյան ժամերի ընթացքում իրականացվել եւ իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Հիմնականում ապահովված է ճանապարհների անցանելիությունը: Միայն Վարդենյաց լեռնանցքում, Մադինա, Ախպրաձոր, Նորաբակ եւ բարձրլեռնային մի շարք բնակավայրերում է դժվարանցանելի վիճակ, քանի որ այդ գոտիներում ձյան բարձրությունն ավելին է, իսկ դեկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ առատ տեղումները շարունակվում են: Այս տեղերում մաքրման աշխատանքները ճանապարհաշինարարները կձեռնարկեն ձյան տեղումների դադարից անմիջապես հետո»,-ասաց Գեւորգ Խաչատրյանը: