Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ԼՂ սահմանին համապատասխան միջոցառումներ է իրականացնում' առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հակառակորդի հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը' պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցադրմանը, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Քարվաճառում և Լեռնային Ղարաբաղի սահմանագծում:

 

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ դիվերսանտների հայտնաբերման միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են և ներթափանցած անձինք հայտնաբերված: «1994 թվականի զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության' դիպուկահարների կրակոցների և դիվերսիոն գործողություննների հետևանքով լարվածություն է առաջացել Լեռնային Ղարաբաղում, իսկ ներկայումս այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահման' Տավուշի մարզ: ԼՂ Պաշտպանության բանակից վերջերես տեղեկություններ հայտնեցին Քարվաճառի հատվածում հն արավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ: Վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային, և ՊԲ հրամանատարության կողմից ձեռնարկվել էր նման ներթափանցումները բացահայըտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ: Համագործակցելով նաև Ազգային անվտանգության ծառայության հետ' բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամին, որից հետո համապատասխան միջոցառումներ իրականացվեցին ու բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել էին Քարվաճառում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Օհանյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով' ազգաբնակչության մոտ որոշակի մտավախություն է առաջացել, որ Լեռնային Ղարաբաղի 17-ամյա քաղաքացու սպանության մեջ կասկածվում է դիվերսիոն խմբի անդամներից մեկը, ով վերջինն էր հայտնաբերվել: Պաշտպանության նախարարը նշեց, որ բնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է: