Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը սպառնացել է երկրի տարածքից վռնդել Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչությանը, եթե վերջինս, իր խոսքով' «կարճ ժամանակում չհանդիպի Քառվաճառում գերեվարված ադրբեջանցի պատանդների հետ»:
«Հակառակ դեպքում' ԿԽՄԿ ներկայացուցչության դեմ լուրջ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ' մինչեւ երկրից վտարումը…»,- ասել է նա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը: Հասանովը դժգոհել է, որ մեկ շաբաթվա ընթացքում չի հաջողվել հանդիպում կազմակերպել Քառվաճառում «գերի վերցված պատանդների» հետ, ինչը, նրա խոսքով' «կասկածի տակ է դնում ԿԽՄԿ գործունեությունը»:
Ադրբեջանի փոխվարչապետը նաեւ սպառնացել է ավելի ուժեղացնել հայերի դեմ ատելությունը' եթե հայկական կողմն «անհապաղ» ազատ չարձակի Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին: «Եթե հայերը ազատ չարձակեն եւ նրանց հետ վատ վերաբերվեն, ապա հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում ավելի կուժեղացվի»,- սպառնացել է Հասանովը:
Ադրբեջանական կողմը շարունակում է ԼՂՀ անվտանգության ուժերի կողմից Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին իրենց ժողովրդին ներկայացնել «հայրենասերներ», «հերոսներ»' քողարկելով նրանց ԼՂՀ տարածք մուտքը անհեթեթ պատճառաբանություններով' պաշտոնական մակարդակով հայտարարելով, թե իբր նրանք Քարվաճառ են գնացել «իրենց հայրենի վայրերը տեսնելու» համար:
ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2014 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած' Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ. 1968թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ. 1960 թ.), եւս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ. 1978թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:
Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972 թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: