Գեղարքունիքի մարզի գետիկ գյուղում այս տարվա ավարտին կսկսի գործել նորակառույց եկեղեցին, որը վեր է խոյացել Գետիկ գյուղի բնակիչ, բարերար Ռոբերտ Ղուլյանի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը, եկեղեցու շինարարությունն ընթացել է երկու տարի, եւ այն մոտենում է ավարտին:

 

Արդեն տեղադրված են ծածկը եւ գմբեթը, ընթանում են ներսի հարդարման աշխատանքները: Եկեղեցուն կից կառուցվում է նաեւ երեցտուն, որը կծառայի գործող եկեղեցու սպասավորների կարիքներին:

 

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարությունը կավարտվի այս տարվա աշնանը' տարածքի բարեկարգումով, իսկ տարեվերջին տեղի կունենա բացումը եւ օծումը, որով եւ Գեղարքունյաց թեմը կհարստանա եւս մեկ գործող ու նորոգ եկեղեցիով:

 

«Ճամբարակի տարածքը, որտեղ գտնվում է Գետիկ գյուղը, համեմատաբար աղքատ է Հայ առաքելական եկեղեցու հավատի տներով, եւ այս եկեղեցու կառուցումը մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն Գետիկի, այլ նաեւ տարածքի մի շա րք համայնքների բնակիչների համար, ովքեր հավատի գործող տան խիստ կարիք ունեն»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

 

Խոսրով Խլղաթյան