Գյումրիում համայնքային բյուջեով փողոցների շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին: Այս պահին հիմնանորոգվում է Սպանդարյան փողոցը, իսկ փոսային նորոգման աշխատանքներ իրականացվում են Մ. Մկրտչյան, Ն. Շնորհալի, Պ. Սևակ, Ե. Չարենց, Տ. Ճարտարպետ փողոցների վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, Սպա նդարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքերն իրականացնող շինարարական կազմակերպությունը, մրցույթը շահել է 94.9 մլն դրամ գումարով: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, փողոցի հիմնանորոգման աշխատանքերը կավարտվեն մեկ ամսից: Շինարարն աշխատանքերն իրականացնում է 1 տարի երաշխիքային սպասարկմամբ:
Այդ ընթացքում առաջ եկած բոլոր թերությունները շինարարը պարտավորվում է վերացնել: «Փոսային նորոգումներն արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում կավարտվեն: Մնում են միայն տարվա ընթացքում կատարված աշխատաքներից հետո փոքր փոսային աշխատանքներ, որոնք ևս կիրականացվեն՝ ճանապարհները ձմռանը նախապատրաստելու համար»,-նշեց պատասխանատուն:
Ի դեպ, այս տարի, Գյումրու փողոցների նորոգման համար, նախատեսված էր 334 մլն դրամ, բայց, տարվա ընթացքում, բյուջեի տարբեր հոդվածների փոփոխությունների և տարբեր աղբյուրների արդյունքում, այդ գումարն ավելացվեց՝ դառնալով 415 մլն դրամ: «Կատարված ավելացման արդյունքում կարողացանք ոչ միայն կենտրոնական, այլ նաև երկրորդային, ինչպես օրինակ Սպանդարյանն է, ամբողջովին ասֆալտապատել: Եթե այս տարի կարողանանք որոշակի գումարներ տնտեսել, ապա հաջորդ տարի երկրորդային 1 փողոցի փոխարեն 2 կամ 3 փողոց կկարողանանք ասֆալտապատել»,-նշեց Կնյազ Մանասյանը:
Խոսելով հաջորդ տարվա անելիքներից՝ պատասխանատուն հավաստիացրեց, որ առաջնահերթությունը կտրվի բանուկ փողոցներին, իսկ գումարների առկայության դեպքում՝ անպայման աշխատանքներ կտարվեն նաև ոչ կենտրոնական փողոցներում:
Բացի համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող աշխատանքներից, Գյումրիում փողոցների նորոգման աշխատանքներ իրականացվում են նաև ՀՀ կառավարության՝ մարզերի հրատապ խնդիրների լուծման հինգերորդ ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի շրջանակներում մասնակի աշխատանքներ իրականացվեցին Շիրակացի փողոցում, աշխատանքներ իրականացվում են նաև Պրոշյան և Գորկի փողոցներում:
Արմենուհի Մխոյան