Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով զինված ուժերի կազմից հեռացվել է Սահմանային զորքերի ռազմական ակադեմիայի դասախոս գնդապետ Սեյրան Գաֆարովը: Նրան արգելվել է ծառայել Ադրբեջանի զինված ուժերում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azpolitika.info լրատվական կայքը: Նշվում է, որ նախարարը ԶՈւ շարքերից գնդապետին հեռացրել է նրա մոր' ծագումով հայ լինելը բացահայտվելուց հետո: Կայքը հայտնում է, որ գնդապետ Սեյրան Գաֆարովը «պաշտոնապես» խոստովանել է, որ իր մայրը ծագումով հայ է:

 

Կայքը հայտնում է, որ Զաքիր Հասանովը պաշտոնից ազատել է նաեւ երկար ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ակադեմիայում ծառայած գեներալ-մայոր Բաղըր Ֆաթուլլաեւին, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ ծառայության ընթացքում չի հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից: Նշվում է, որ գեներալ-գնդապետը Ադրբեջանից հեռացել է եւ մեկնել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ բնակվում է նրա ընտանիքը:

 

Երկար ժամանակ ադրբեջանական մամուլում քննարկվում եւ ՊՆ հասցեին քննադատություններ էին հնչում կապված այս երկու բարձրաստիճան զինծառայողներից մեկի ազգությամբ «հայ», մյուսի' ՌԴ քաղաքացի լինելու հետ: Ադրբեջանական պաշտոնական մամուլում հաճախ հարցադրումներ էր արվում, թե ինչպես՞ կարելի է ՊՆ կազմում թողնել ծառայել «թշնամիներին», որոնք կարող են «լրտեսությամբ զբաղվել»:

 

Այսինքն, Ադրբեջանի կողմից պաշտոնապես այլատյաց' ռասիստական քաղաքականություն վարվելու արդյունքում այդ երկրի հասարակության մեջ ձեւավորվել է այն կարծիքը, որ եթե իրենց քաղաքացու ծագման մեջ այլ ազգության հետքեր կան, կամ նա այլ երկրի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցի է, ապա միանշանակ «թշնամի է»:

 

Հետաքրքիր է, որ ե՛ւ գեներալ Բաղըր Ֆաթուլլաեւի, ե՛ւ գնդապետ Սեյրան Գաֆարովի վերաբերյալ խոսակցությունները մամուլում ամիսներ առաջ հայտնվելուց անմիջապես հետո Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը շտապել էր հայտարարել, որ նման անուններով անձինք ադրբեջանական բանակում չեն ծառայում: