Հայաստանի համայնքների միությունն ընտրական համակարգում փոփոխությունների առաջարկություններ է մշակել, որոնք միտված են բարելավելու տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարացումը և ընտրությունների արդյունավետությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրեց 8 կետից բաղկացած այն առաջարկությունները, որոնք մշակվել են միության անդամների կողմից և ներկա յացվել Տարածքային կառավարման նախարարությանը:

 

«Որպես ՏԻՄ ընտրությունների կարգավորման մեխանիզմ առաջարկվում է համայնքի ղեկավարների և ավագանու անդամների համար Երևանում և մարզերում սահմանել միատեսակ նվազագույն տարիքային շեմ: Ներկայում համայնքի ղեկավար ընտրվելու համար սահմանված նվազագույն տարիքային շեմը 25 է, իսկ ավագանու անդամների համար' 21: Քաղաքապետ դառանալու համար նվազագույն տարիք է սահմանված 30 տարին: Այսպիսով խախտված են հավասար իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Երիցյանը:

 

Առաջարկությունների հաջորդ կետը վերաբերում է ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների տարիքային նվազագույն շեմը 16 տարին սահմանելու հարցին: Երիցյանի խոսքով' դա հնարավորություն կտա ընդլայնելու երիտասարդության իրավունքները և մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

 

Առաջարկությունների երրորդ կետով անդրադարձ է արվում ընտրական օրենսգրքի այն պահանջին, որով արգելվոըմ է 2-ից պակաս թեկնածուներով ընտրությունների անցկացումը: Համանքների միությունն առաջարկում է օրենսգրքում փոփոխել այդ հատվածը, քանի որ, նրանց մեկնաբանմամբ, դա արհեստական բնույթ ունի և ընտրական համակարգի վրա չի կարող ազդեցություն ունենալ: «Ընդհակառակը, այս անտեղի պահանջը հանգեցրել է օրենքի դրույթի շրջանցման, ինչն ազդում է ընտրական գործընթացի լեգիտիմության վրա»,- նշեց Երիցյանը:

 

Փոփոխությունների առաջարկություններում առկա է նաև համայնքների ղեկավարներին վերապահվող լիազորությունների հարցը, մասնավորապես առաջարկվում է դրանք սահմանել որպես պատվիրակված լիազորություններ: Իսկ հաջորդ կետով առաջարկ է արվում համայնքապետի տեղակալի ընտրությունը կազմակերպել ավագանու մասնակցությամբ, իսկ 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում սահմանել համայնքապետի 2 տեղակալի հնարավորություն:

 

Միությունն անհրաժեշտ է համարում նաև տեղական ինքնակառավարման մարմինենրի ընտրությունների համար միասնական օրվա սահմանումը' ի տարբերություն ներկայում գործող «փնջային» ընտրությունների ձևի: Հաջորդ առաջարկն էլ վերաբերում է ավագանու ընտրությունների համամասնական ընտրականգով անցկացման կարգին: