Ռուսաստանի ամենահարուստ և խոշոր գործարարներն արդեն ավելի շատ են վախենում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում կհանգեցնի նոր՝ ավելի խիստ պատժամիջոցների, սակայն ճնշումներից զերծ մնալու համար, այդ մասին հրապարակայնորեն չեն արտահայտվում: Այս մասին գրում է newsru-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

 

Ռուսաստանի միլիարդատերերը և վերլուծաբաններն սկսել են հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ վատ է անդրադառնում բիզնեսի և երկրի համար, և եթե ՌԴ առաջնորդը գործնական քայլեր չձեռնարկի պատերազմը դադարեցնելու համար, ապա կենթարկվի միջազգային հարթակում «վտարանդի» տիտղոսին արժանանալու ռիսկին: 

«Տնտեսական և բիզնես էլիտան սարսափած է»,- գրում է Bloomberg-ը:

 

ԱՄՆ-ն արդեն կիրառել է պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք առնչվում են մի քանի առանցքային ձեռնարկությունների։ 

 

Միացյալ նահանգների նոր պատժամիջոցները վերաբերում են «Ռոսնեֆտ» խոշոր ընկերությանը, «Նովատեկ» գազային ընկերությանը, «Գազպրոմբանկին», «Վնեշէկոնոմբանկին» և մի քանի այլ ձեռնարկությունների, ինչպես նաև պաշտոնյաների: 

 

Միևնույն ժամանակ, արգելափակող պատժամիջոցներ են կիրառվել ռուսաստանյան մի շարք պաշտպանական ձեռնարկությունների հանդեպ: Դրանք նախատեսում են ԱՄՆ-ի հետ որևէ գործակցության լիովին դադարեցում և նրանց՝ ամերիկյան ակտիվների սառեցում: