Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել էն Վրաստանի իրավապահ մարմիններին' կոչ անելով բացահայտել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումն ու պատժել մեղավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով GHN.ge-ն, համատեղ հայտարարության մեջ հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ միջադեպը կարող է կատարված լինել էթնիկ եւ հոգեւոր հողի վրա:

 

«Հաշվի առնելով հանգամանքը, որ միջադեպը հասարակական մեծ իրարանցում է առաջացրել, կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել բազմակողմ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասված է 19 հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:

 

Հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ: