Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին, որի տանիքը փլվել է հորդառատ անձրեւի հետեւանքով: Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ եկեղեցուն տրված է մշակույթի հուշարձանի կարգավիճակ, ներկայում այն չի գործում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Եկեղեցու վիճակը ուսումնասիրել են Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցիչները եւ ընդունել որոշում, որի համաձայն առաջիկայում կսկսվի եկեղեցու վնասված տանիքի վերականգնումը:

 

Սեպտեմբերի 22-ին վնասված եկեղեցի են այցելել եւ ստեղծված վիճակին ծանոթացել Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Ալեքսանդր Մարգիշվիլին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության փոխնախարար Լեւան Խարատիշվիլին: