Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնումը թույլ կտա Վրաստանի հայկական համայնքին ավելի լիարժեք հոգեւոր կյանքով ապրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այս մասին նշել է հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Բոլոր ժամանակներում հայ եկեղեցին հատկապես հայրենիքից դուրս ապրող հայության համար եղել է կրթական, մշակութային ու լուսավորչական կենտրոն: Համոզված ենք, որ առաջնորդանիստ տաճարի վերականգնումը թույլ կտա Վրաստանի հայկական համայնքին ավելի լիարժեք հոգեւոր կյանքով ապրել: Շնորհակալ ենք դոնորներին, ովքեր աջակցեցին վերականգնել վիրահայության ու Թբիլիսի քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող այս մշակութային կոթողը: Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցմամբ ավարտվեց «Տաճարային համալիր» ծրագրի առաջին փուլը: Մենք մտադիր ենք շար ունակել այն եւ տաճարին կից մշակութային-լուսավորչական կենտրոն ստեղծել»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

 

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համայն հայության Մայր Եկեղեցին է, որովհետեւ հազար 700 տարիներ ի վեր այն հոգեւոր սնունդ է տվել իր զավակներին, մայրական հոգածությամբ իր շուրջն է խմբել աշխարհասփյուռ հայությանը: Հայ Եկեղեցին պահել ու պահպանում է գրոց բարբառը, հազարամյակների խորքից եկող հոգեւոր երաժշտությունը եւ արվեստի ճյուղերը: Վերաբացվող Սուրբ Գեւորգը հենց այսպիսի առաքելություն է ունեցել հիմնադրման օրից ի վեր: Եվ այսօր էլ բարեգործ ազնիվ նվիրատուներ Ռուբեն Վարդանյանի ու նրա ընկերների նյութական միջոցներով հիմնանորոգումից հետո տաճարն իր բարձրարժեք որմնանկարներով ու հոգեւոր արժեքով դառնում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թբիլիսիի սրտի վրա հառնած մարգարիտ, որը հարստացնում է բազմազգ ու բազմակրոն քաղաքը»,- նշել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 

Թբիլիսիում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի նվիրատուների, Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, բազմաթիվ հյուրերի եւ թեմի հավատացյալների մասնակցությամբ:

 

Վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:

 

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ տաճարի (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարեւոր ծրագրերից մեկը եւ ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը:

 

Տաճարի վերակառուցման համար նվիրատվությունների հայթայթման, ֆինանսական հոսքերի կառավարման, ինչպես նաեւ եկեղեցու եւ որմնանկարների վերականգնման աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով նույն թվականին ստեղծվել էր «Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամ»-ը:

 

Եկեղեցու վերականգման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաեւ Հավլաբարի 18-րդ դ. Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ Մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաեւ մասնագետներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Մատենադարանից:

 

Երեք տարի տեւած վերականգնողական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել եկեղեցու ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար, ողողում էին տաճարի հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը:

 

Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գեւորգ եկեղեցու որոմնանկարների եւ իկոնոստասի վերականգնմանը: Տաճարի մուտքի և խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գեւորգ Բաշինջաղյանի եւ անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնոստաստը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պ ահպանման եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ:

 

Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական նվիրատուներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլին:

 

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անունները կրող ցուցապատի բացումը:

 

Սուրբ Գևորգ տաճարը (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք պահվում են Մատենադարանում:

 

Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, բազմիցս հրդեհվել է ու վերակառուցվել:

 

Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լոռիս -Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի եւ Բորիս Շելկովնիկովի աճյունները: