Հայաստանի վարչապետը պատրաստ է իր հնարավորության չափով աջակցել Ռուսաստանում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այդ մասին նա հայտարարել է Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Իմ աջակցությունը կլինի բարոյական: Ես պատրաստ եմ հնարավորության սահմաններում աջակցելու նրան: Գնահատում եմ Լևոն Հայրապետյանի բարեգործությունները Արցախում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է ՀՀ վարչապետը:
Խոսելով այն մասին, թե ինչու էր այս հարցի շուրջ իր առաջին արձագանքը կոշտ հնչել' վարչապետը ասաց, որ իր պատասխանը պայմանավորված էր նրանով, որ իրեն հարցնում էին, թե ինչ կապ ունի նա Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ: «Եթե քաղաքացին ինչ-որ խնդիր ունի օրենքի հետ, դատարանը կորոշի»,- ասաց նա: