Իրաքի խորհրդարանը հուլիսի 23-ին կընտրի երկրի նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է խորհրդարանի նախագահ Սալիմ ալ Ջուբուրին: Նիստը կլինի ազատ քաղաքական փոխհամաձայնությամբ: Նա նաև նշել է, որ ուսումնասիրվում են թեկնածուների կենսագրությունները: Ալ Ջուբուրիի խոսքով, քրդական դաշինքը մինչև այժմ տարաձայնությունների պատճառով միասնական թեկնածու չի կարողացել առաջադրել: Նախագահը կընտրվի գաղտնի քվեարկությամբ:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հուլիսի 23-ին ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 22 մարդ զոհվել, ավելի քան 5 տասնյակ մարդ վիրավորվել են: Պայթյունը որոտացել է Քազիմա շրջանում:
Իրաքի խորհրդարանը հուլիսի 15-ին նախագահ էր ընտրել «Իրաքյան ուժերի կոալիցիայի» սունի անդամ Սելիմ ալ Ջուբուրիին: Նրա միակ մրցակիցը «Քաղաքացիական ժողովրդավարական դաշինքի» ներկայացուցիչ Շուրուկ ալ Աբայջին էր: Խորհրդարանում ներկա էին 328 պատգամավորներից 207-ը: