Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում ԼՂՀ Շահույանի շրջանի Քարվաճառի տարածքում դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին հարազատներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմի հետ բանակցությունները տարվում են Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության Բաքվի գրասենյակի միջնորդությամբ: Ընդգծվում է, որ հայկական ուժերի կողմից ձերբակալված Դիլգամ Ասքերովի, Շահբազ Գուլիեւի հետ հանդիպում կազմակերպելու եւ Հասան Հասանովի դին վերադարձնելու ուղղությամբ «անհրաժեշտ միջոցառումները» Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի «անձնական հսկողության տակ» են գտնվում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հուլիսի 12-ին հայտներ էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել է, իսկ մյուսները դիմել են փախուստի: ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաեւ խմբի այլ անդամներ, որոնցից մեկը դիմադրություն է ցույց տվել եւ սպանվել: ԼՂՀ գլխավոր դատախազությունը Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիներին միանգամից մի քանի մեղադրանք է առաջադրել եւ քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: