Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ԼՂՀ տարածքում 1 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 6 հանցագործություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով ԼՂՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջին, հանցագործությունները կատարվել են ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետեւյալ հոդվածներով' 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 322-րդ հոդվածկ 1-ին մաս (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 332-րդ հոդված (պաշտոնեական կեղծիք):

 

Նշված բոլոր հանցագործությունները արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում:

 

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների' նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետեւյալ կերպ. Քաշաթաղի շրջան' 2 հանցագործություն (185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ ), Մարտակերտի շրջան' 4 հանցագործություն (185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):

 

Ավարտված 1 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 4 անձ, բոլորն էլ պաշտոնատար անձինք են (թվով 1 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ): Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 1 մլն 723 հազար ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է:

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 3,3 տոկոս: