Բանակն ըստ ամենայնի առաջիկայում դառնալու է Սերժ Սարգսյանի քաղաքականության գլխավոր հարթակը, ինչի մասին վկայում է այն, որ Սարգսյանը դարձել է բանակային թեմայի գեներատորը:

Հետաքրքրական է, որ երբ բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների խնդրով հանրային մտահոգությունը ակտիվ դրսեւորման փուլում էր, Սերժ Սարգսյանը գրեթե քար լռություն էր պահում, եւ այդ լռությունը խախտեց ընդամենը մի անգամ՝ իր «զզվանքը» հայտնելով ինչ որ մարդկանցից:

Այժմ, երբ հանրային ակտիվ դրսեւորումներ չկան, Սերժ Սարգսյանն ինքն է բավական ակտիվացել բանակի ուղղությամբ: Իհարկե, նա չի բարձրացնում սպանությունների, ինքնասպանությունների, հիվանդության պատճառով մահացածության խնդիրը, կամ չի խոսում կոռուպցիոն կոնկրետ դեպքերի մասին: Սերժ Սարգսյանի ակտիվությունն առայժմ դեկլարատիվ է, բայց անգամ այդ մակարդակում կան բավական հետաքրքրական դրսեւորումներ:

Այդ տեսանկյունից, շատ ուշագրավ էր հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մասշտաբային հավաքը, որին ներկա էր գրեթե ամբողջ պետական կառավարման համակարգը:

Սերժ Սարգսյանը պաշտոնյաներին հորդորում էր լրջանալ եւ հայտարարում, որ պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է համախմբվի բանակի շուրջ:

Սա իսկապես աննախադեպ հայտարարություն էր: Բանն այն է, որ պետական կառավարման համակարգի խնդիրը Սահմանադրության առանցքով աշխատանքն է, որում բոլոր կառույցներն ունեն իրենց հստակ խնդիրները, պարտավորություններն ու իրավասությունները, այդ թվում բանակը: Եվ բանակն առանձնացված է քաղաքականությունից ու ներքին խնդիրներից: Սերժ Սարգսյանը փաստացի բարձրացնում է բանակի դերը, եւ կոչ անելով պետական կառավարման համակարգին համախմբվել բանակի շուրջ, Սերժ Սարգսյանը փաստացի բանակն է դարձնում իր Սահմանադրությունը:

Սերժ Սարգսյանը հայտնվել է բարդ վիճակում: Մի կողմից, այդ վիճակը նրան զրկել է մրցակիցներից, որոնք ստիպված են եղել լքել ակտիվ խաղն ու նրան թողել մենակ հասարակության դեմ, մյուս կողմից, այդպես նա մեն-մենակ է մնացել հենց իր ամենալուրջ մրցակցի՝ պետության եւ հասարակության իրական խնդիրների առաջ: Բանն այն է, որ ամբողջությամբ բացվել է նաեւ հանրության տեսադաշտը, որը Սերժ Սարգսյանի համար հաջողությամբ փակում էր ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը, Սերժ Սարգսյանի համար հանդիսանալով յուրօրինակ ապահովագրական բուֆեր հասարակության եւ իր միջեւ:

Ներկայում այդ բուֆերը չկա, եւ հասարակության ու Սերժ Սարգսյանի միջեւ դաշտը բաց է, ինչն ինքնին վտանգ է Սարգսյանի համար: Բանակն այդ դաշտը շրջանցելու հարմար միջոցն է, առավել եւս, որ այն թերեւս պետական կառավարման համակարգի միակ կառույցն է, որտեղ Սերժ Սարգսյանն իրեն կարող է զգալ դրության ամբողջական կամ առնվազն «հսկիչ փաթեթի» լիարժեք տեր:

Միեւնույն ժամանակ, բանակն այդ առումով նաեւ ունի «սակրալ» բնույթ, ինչը չկա որեւէ այլ կառույցի պարագայում: Իսկ դա Սերժ Սարգսյանի համար բանակը դարձնում է քաղաքական խնդիրների լուծման ունիվերսալ գործիք: «Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած' պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում», հայտարարում է Սարգսյանը:

Նա այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ կատարել է, արտակարգ դրության մասին օրենքով բանակին հնարավորություն տալով միջամտել հասարակական կարգի պահպանման գործընթացներին: Այդպիսով առաջանում է երկու խնդրի լուծման հեռանկար՝ միաժամանակ սկսել քրեաօլիգարխիայի ծառայություններից հրաժարվելու գործընթաց, մյուս կողմից բանակի միջոցով այդ գործընթացը զերծ պահել կամ ապահովագրել «ռեւանշիստական» գործընթացներից:

Այդ անցումը, հաշվի առնելով հենց բանակի «սակրալ» բնույթը, ինչպես նաեւ որոշակի ֆետիշացումը հանրային գիտակցության մեջ, կարող է ունենալ նաեւ որոշակի հանրային լեգիտիմություն: Բանն այն է, որ պետական կառավարման համակարգի օղակներից հանրությունը թերեւս ամենաշատը, կամ գուցե միայն բանակն է համարում իրենը, որտեղ ծառայում են իր զավակները: Այդ տեսանկյունից, բանակում փոփոխությունները կարող են արագ արձագանք գտնել հանրային շերտերում, միեւնույն ժամանակ ուշադրությունը շեղելով կյանքի մյուս ոլորտներում համակարգային փոփոխությունների բացակայությունից, կամ առերեւույթ, հանրային գիտակցության մակերեսի վրա կոմպենսացնելով այդ բացակայությունը:
Իհարկե, փուլային առումով այստեղ առաջանում է հաջորդ խնդիրը: Եթե այդ գործընթացներին զուգահեռ, բանակը չենթարկվի որակական լրջագույն փոփոխությունների, խորքային արդիականացման եւ էապես չփոխվի բանակի կառավարման որակը վերից վար, ապա այդ դեպքում արդեն բանակը քրեաօլիգարխիային կփոխարինի ոչ որպես անցումային հարթակ, այլ ընդամենը որպես պետության ու հասարակության թիվ մեկ թշնամի: