Ղարաբաղյան պատերազմի վետերան, գործարար Ֆագան Նասիբովն այսօր կեսօրին ինքնահրկիզման փորձ է կատարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ընդունարանի դիմաց:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական bizimyol.info լրատվական կայքը հայտնում է, որ ղարաբաղյան պատերազմի վետերանն այդ կերպ ցանկացել է բողոքել Ադրբեջանում տիրող չինովնիկական կամայականության դեմ: Նասիբովը հայտարարել է, որ Զարդաբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութվալի Աբդուլլաևը խաբեությամբ յուրացրել է իր 65 հազար դոլարը և հրաժարվում է վերադարձնել: Նրա բոլոր բողոքներն անարդյունք են մնացել: Վետերանը որոշել է վերջ դնել կյանքին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առջև: Ինքնահրկիզման փորձի ժամանակ վետերանի կողքին են եղել նաև նրա ընտանիքի անդամները: Շենքի պահակային ծառայության անդամներին հաջողվել է կանխել հերթական ինքնահրկիզման դեպքը:

 

2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ինքնահրկիզմամբ կյանքին վերջ են դրել արդեն 12 քաղաքացիներ, որոնցից 6-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու և այլ պատճառներով: