Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) շարքերում լարվածություն է տիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներիշխանական աղբյուրից ,Ազադլիգ»-ին հասած տեղեկության համաձայն' լարվածության հիմքում կանգնած են Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկա վար Ռամիզ Մեհտիևի' խորհրդարանական ընտրությունների հետ կապված հետաքրքրությունները:
Բանն այն է, որ 2003 թվականին և դրան հաջորդող տարիներին Ադրբեջանում անցկացված ընտրությունները իրականացվել են Մեհտիևի վերահսկողության տակ: Հատկապես խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածուների ընտրությունը կատարվել է գլխավորապես հաշվի առնելով Մեհտիևի կարծիքը: Սակայն, 2005 թվականից սկսած' իշխանության մեջ մեծ ազդեցություն ձեռք բերած և ուժի վերածված Փաշաևները (Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կլանը) ԵԱԿ-ն իրենց վերահսկողության տակ վերցնելու ուղղություն վերցրեցին: 2013 թվականի նախագահական ընտրություններից ա ռաջ անցկացված համագումարում Փաշաևները որոշ իմաստով հասան իրենց նպատակին: Սակայն, կուսակցության վրա ազդելու Մեհտիևի հնարավորությունները դեռևս մնում էին:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առողջության հետ կապված երեք ամիս նրա' Գերմանիայում գտնվելը հակառակ կողմին գործելու հնարավորություն էր ընձեռնել: Փաշաևների հովանոցի տակ անցած փոխվարչապետ Ալի Ահմեդովին հաջողվել էր ԵԱԿ-ում իր կողմը քաշել Ռամիզ Մեհտիևի որոշ մերձավոր անձանց:
«Փաշաևների հովանու տակ անցնելու նրանց ընտրությունը կապված էր այն բանի հետ, որ վերջիններս համոզված էին, որ առողջական խնդիրների պատճառով վերջ կդրվի Ռամիզ Մեհտիևի կարիերային: Սակայն, նրանց սպասումները չեն արդարացել, Մեհտիևը վերադարձել է: Այժմ Մեհտիևը չի ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն իրենից երես թեքած նախկին մերձավորները: Իսկ Ալի Ահմեդովը Մեհտիևին հակառակ քայլեր է կատարում: Այդ երկու պաշտոնատար անձանց միջև դիմակայությունը ԵԱԿ-ում, ինչպես նաև ամբողջ իշխանության ներսում լարվածության պատճառ է դարձել, - թերթին հայտնել է ներիշխանական աղբյուրը: