Բաքվի Խազարի շրջանի ոստիկանությունը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ այսօր առավոտյան ինքնահրկիզման է դիմել Բուզովնա ավանի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի 53-ամյա վետերան Ջոշգուն Էյվազ օղլու Նուրիեւը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վետերանը ազգականների ներկայությամբ բենզին է լցրել իր վրա եւ հրկիզել իրեն: Ազգականները հանգցրել են կրակը, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ստացած այրվածքներից Նուրիեւը 8 ժամ հետո հիվանդանոցում մահացել է: Նրա' ինքնահրկիզման դիմելու պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 12 քաղաքացի, որոնցից 6-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 159 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել, 12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: