ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն էին:

 

Նիստին մասնակցել են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար Հանց Կլուգեն: Վերջինս տեղեկացրել է, որ հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ:

 

Արմեն Մուրադյանը ողջունել է այն, որ ոլորտի պատասխանատուները բավական երկար ժամանակ աշխատել են փաստաթղթի ստեղծման վրա, հաշվի առնելով, որ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ մեր երկրում պետական ու հասարակական հատվածի համատեղ ուժերով շատ արագ քննարկվել, մշակվել ու ընդունվել է այս կարևորագույն հայեցակարգը:

 

«Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում, այդ մասին են վկայում նաև պետության կողմից սահմանված թափուր մնացած տեղերը»,- նշել է նախարարը:

 

Նրա գնահատմամբ՝ կարևոր է նաև այն, որ առաջին անգամ ռազմավարությունն ամրագրվել է ոչ թե որպես զուտ հոգեբուժական օգնություն, հիվանդաբուժություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր, և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

 

Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների թվում մասնագետները նշել են ֆինանսների սղությունը, կադրերի պակասը, չօգտագործվող տարածքները, անբավարար արտահիվանդանոցային և համայնքահեն ծառայությունները, որոնք կենտրոնացված են դեպի ստացիոնար, մասնավոր հատվածի նվազագույն ընդգրկումը, ենթաօրենսդրական ակտերի անբավարարությունը:

 

«Երիտասարդ մասնագետի համար կատարած գործը պետք է գրավիչ լինի: Այս ոլորտի մասնագետների աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ հաճախ այն մասնագիտական սխրանք է».- նկատել է Արմեն Մուրադյանը՝ որպես օրակարգային խնդիր մատնանշելով նաև հոգեբուժական կենտրոնների նյութատեխնիկական, շենքային պայմանների բարելավումը:

 

Գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստի մասնակիցները միակարծիք են եղել, որ շատ կարևոր է, որ գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ձևավորվի այն գիտակցումը, որ որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց:

 

Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում օժանդակելուն:

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, հոկտեմբերի 10-ին' Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորմանը, չափորոշիչների մշակմանը, մասնագիտական այլ օրակարգային հարցերին:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ 1999-ից Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է։