Սլովակիայի Նախագահ Անդրեյ Կիսկան հրաժարվել է իր առաջին աշխատավարձից եւ 5376 եվրո գումարը բաժանել աղքատներին: Նախագահը բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ընտրել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 9 ընտանիքների եւ յուրաքանչյուրին տրամադրել 537-ական եվրո գումար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Российская газета»-ն, Սլովակիայի Նախագահը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է, եւ նրա ունեցվածքը կազմում է 6-7 միլիոն եվրո: Մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվելը, Կիսկան զբաղվել է բիզնեսով եւ ղեկավարել երկու խոշոր ընկերություններ:
Սա առաջին դեպքը չէ, երբ որևէ երկրի նախագահ հրաժարվում է իր աշխատավարձից: Սկսած 2011թ. Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշն իր աշխատավարձը տրամադրում է լատվիական դպրոցներին: Նախագահն ապրում է թոշակի շնորհիվ, որը Լատվիայում ամենաբարձրն է եւ կազմում է 8000 դոլար: Բերզնիշը նման բարձր թոշակ է ստանում, քանի որ երկար տարիներ ղեկավարել է երկրի ամենախոշոր բանկերից մեկը:
Նախորդ տարվա ապրիլին Պարագվայի Նախագահ ընտրված Օրասիո Կարտեսը նույնպես հրաժարվել է աշխատավարձից' հօգուտ անօթեւան երեխաների եւ անբուժելի հիվանդների: 56-ամյա Կարտեսը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան է պատկանում 25 խոշոր ընկերություն, որոնք արտադրում են ծխախոտ, հյութ եւ սննդամթերք: