Բարեկամները, հարազատները, գործընկերները և պատմաբան, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի վաստակը գնահատողները հուլիսի 28-ին մասնակցեցին անվանի մտավորականի հոգեհանգստին:

 

Կյանքից 86 տարեկանում հեռացած Արևշատյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ցավակցությունը հայտնեց մտավորականի մտերիմներին:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մտավորականությունը կորցրեց փայլուն գիտնականի և մեծ փիլիսոփայի:

 

«Սեն Արևշատյանն իր գործերում մեր ամբողջ միջնադարյան փիլիսոփայությունը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Միայն եթե նշենք նրա գործերը՝ կապված Դավիթ Անհաղթի գործունեության լուսաբանման հետ, արդեն մեծ նվաճում է ամեն գիտնականի համար: Քառորդ դարից ավելի նա եղել է Մատենադարանի տնօրեն, և իր օրոք Մատենադարանը դարձավ գիտական ուսումնասիրությունների կենտրոն, որում աշխատում էին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականներ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով՝ իրականացավ նաև մտավորականի երազանքը՝ տեսնել Մատենադարանի նոր մասնաշենքը: «Լավ է, որ նա ականատես եղավ դրան: Արևշատյանն ապրեց մեծ, բովանդակալից և երջանիկ կյանքով, որի ընթացքում իրականացրեց իր գիտական մտադրությունները: Կորուստը մեծ է»,- հավելեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

 

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Արևշատյանը մեծ գործունեություն է իրականացրել: «Նրա գոյությունը բազմանիստ, բազմաշերտ էր: Նա մեծ ավանդ թողած հսկա գիտնական էր»,- նշեց Մանսուրյանը:

 

Հաղորդավար, լեզվաբան Արտեմ Սարգսյանի համոզմամբ՝ կորուստը մեծ է: «Մենք մեծ գիտնականի կորցրինք, մեծ հայի, մտավորականի: Նա իր աշխատություններով կմնա հաջորդ սերունդների համար: Նման անձնավորություններ պետք է դեռ լինեն: Այնքան մեծ է կորուստը, որ մենք դեռ չենք էլ գիտակցում կորստի ահռելիությունը»,- նշեց նա:

 

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին, Ջրառատում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-54թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ:

 

Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա' ավագ գիտաշխատող: 1959-ից Եր ևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 1982-2007թթ. եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքներ» աշխատությունները, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբար և ռուսերեն: Ունի ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ:

 

1978թ. դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: 1993-ից Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995-ից Մոսկվա յի Բնական և հումանիտար գիտությունների, 1998-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության ակադեմիաների իսկական անդամ է: 1996թ. դարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2001թ. Երևանի պատվավոր քաղաքացի: 2008թ. պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։

 

Անվանի գիտնականին վերջին հրաժեշտը ու հարգանքի տուրքը կմատուցվի հուլիսի 29-ին' ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում: