Համաշխարհային բանկը Հայաստանում 2012թ.-ի համար կանխատեսում է 6.8% տնտեսական աճ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցից։
Նկատենք, որ 2012թ. Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տվյալները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս չի հրապարակել։ Այդպիսով, կարելի է ասել, որ այս տարվա հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն ակնկալիքը, որ 2012թ. համար կառավարության գործողություններից առաջին ակնկալիքը 7% տնտեսական աճի ապահովումն էր, ըստ ՀԲ-ի կանխատեսման, չի հաղթահարվի՝ թեև մոտ է այդ խորհրդանշական սահմանին։
Այնուամենայնիվ, պետք չէ բացառել, որ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակելիք ցուցանիշը գերազանցի նշված շեմը, որովհետև, որպես կանոն, պաշտոնական ցուցանիշները շատ հաճախ որոշակի տարբերություններ ունենում են միջազգային կառույցների հրապարակած կանխատեսումներից։
Հետագա 3 տարիների համար՝ 2013, 2014 և 2015, Համաշխարհային բանկը Հայաստանի մասով կանխատեսում է, համապատասխանաբար, 4.3, 4.4 և կրկին 4.4 % տնտեսական աճ։
Սպառման ոլորտում Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2013-15թթ. ժամանակահատվածում պետական սեկտորի սպառման աճի տեմպի նվազումը կզուգակցվի մասնավոր սեկտորի սպառման աճի տեմպի մեծացմամբ։
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ արտահանումն ու ներմուծումը ևս կաճեն նշված ժամանակահատվածում ընդ որում, արտահանման աճի տեմպը որոշակիորեն կգերազանցի ներմուծման աճի տեմպին։
Ըստ կանխատեսման՝ Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2015թ.-ին կկազմի 4102 ԱՄՆ դոլար՝ 2012թ. 3283 դոլարի փոխարեն։
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի համեմատությամբ, ըստ ՀԲ-ի կանխատեսման, կլինի համեմատաբար կայուն՝ 2013թ.՝ 410, 2014թ.՝ 415 և 2015թ. 420 դրամ։
Ներկայացնելով համաշխարհային տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումները, ՀԲ-ի վերլուծաբանները հայտնում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ի հայտ գալուց 4 տարի անց թվում է՝ ամենավատն արդեն անցյալում է։ Այնուամենայիվ, համաշխարհային տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ, իսկ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրները շարունակում են տառապել տնտեսության անկայուն և դանդաղ աճի տեմպերից։
Թեև եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսության աճը բավական դանդաղ է, սակայն աշխարհի զարգացող երկրների համար տնտեսական հեռանկաները կայուն են։ Այս առումով զեկույցի հեղինակները հարկ են համարում նշել, որ այդ տվյալները 1-2%-ով ավելի պակաս են, քան նախաճգնաժամային շրջանում։ Ուստի նախկին, արագ ցուցանիշները վերականգնելու նպատակով զարգացող երկրները պետք է կենտրոնանան արտադրողականության բարձրացման ներքին քաղաքականության վրա, ինչը կապահովի տնտեսական աճի տեմպերի էական արագացում։
Արտաքին աշխարհի նման անկայուն պայմաններում տնտեսական աճի գրանցումը զարգացող երկրների համար նախևառաջ պայմանավորված է ներքին քաղաքականությամբ՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական ոլորտներում կատարվող ներդրումներով։
Համաշխարհային բանկի հաշվարկների համաձայն, 2012թ. ընթացքում ամբողջ աշխարհում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2,3 % աճ է գրանցել։ Ակնկալվում է, որ այս տվյալները գրեթե անփոփոխ կմնան նաև ընթացիկ տարվա դեպքում։ Սակայն արդեն 2014թ. ՀՆԱ ցուցանիշը կկազմի 3,1 % , իսկ 2015թ.՝ 3,3%:
Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ անցած տասնամյակի ընթացքում 2012թ. եղել է այն տարին, որի ընթացքում զարգացող երկրները գրանցել են տնտեսական աճի ամենադանդաղ տեմպերը՝ անձանագրելով 5,1% ՀՆԱ-ի աճ։ Սակայն կանխատեսվում է, որ 2013թ. զարգացող երկրների ՀՆԱ աճը կհասնի 5,5%-ի, 2014թ.՝ 5,7-%, իսկ 2015թ.՝ 5,8 %-ի։
Իսկ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում ՀՆԱ-ի աճը շարունակում է թույլ մնալ. 2012թ. այդ երկրներում արձանագրվել է ՀՆԱ-ի 1,3% աճ և մասնագետների կանխատեսումների համաձայն, այս ցուցանիշը հաստատուն կմնա նաև 2013թ.։ Միայն 2014թ. ՀՆԱ-ի աճը կհասնի 2%-ի, իսկ 2015թ.՝ 2,3 %-ի։ Իսկ ինչ վերաբերում է եվրոգոտուն, ապա ՀՆԱ աճը ընթացիկ տարում կկազմի 0,1%, 2014թ.՝ 0,9%, 2015թ.՝ 1,4%: Բացի այդ համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարում 6%-ով կավելանա համաշխարհային առևտրի ծավալը։
2012թ. ընթացքում Հայաստանը ներառող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գոտում ՀՆԱ աճը' 2011թ. գրանցված 5,5%-ից նվազել է՝ հասնելով 3%-ի։ Այդ անկումը պայմանավորված էր նրանով, որ տարածաշրջանը կանգնեց զգալի լուրջ մարտահրավերների առաջ, որոնց թվում էր արտաքին ցածր պահանջարկը, եվրոպական բանկերի կողմից գործարքներում օգտագործվող փոխառությունները, ամառվա երաշտը։ Նախատեսվում է, որ այս տարածաշրջանում 2013թ. ընթացքում կգրանցվի ՀՆԱ-ի 3,6 % աճ։