Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով ամբողջացավ Հայաստանի նախագահական ընտրություն կոչված գործընթացի պատկերը և ամբողջ «փայլը» կարելի է համարել հավաքված: Դա Հայաստանի անկախության երկու տասնամյակի' 21 տարիների ամբողջական պատկերն է, որ մեկ առ մեկ հավաքեցին այդ տասնամյակների մեծ ու փոքր դերակատարները' երեք նախագահների գլխավորությամբ:

Հիմա արդեն ամբողջականորեն պարզ է, թե ինչ պատկեր է կառուցվել անկախության գործընթացում, և ակնհայտ է, որ այդ գործընթացը ոչ միայն իզուր է անցել, անցել է ապարդյուն, այլ նույնիսկ անկախության ընթացքում ամենից մեծ վտանգներն են առաջացել հենց այդ անկախության համար: Տարօրինակ, պարադոքսալ կարող է թվալ, բայց Հայաստանի քաղաքական դասը անկախության տարիները ոչ թե օգտագործել է դրանք անշրջելի դարձնելու համար, այլ հակառակն է արել' պետությունը հասցրել է մի վիճակի, երբ անկախության վտանգները դարձել են շոշափելի և Հայաստանը ներկայումս կանգնած է ինքնիշխանության կորստի իրական վտանգի առաջ: Այդ ամենը սկսել է առաջին իսկ տարիներից: Բանը միայն կեղծված ընտրությունները չեն: Դրանք հետևանք են այն վիճակի, որ ձևավորվել է երկրում:

Եթե առաջին կեղծված ընտրությունը 1995 թվականին էր, դա չի նշանակում, որ մինչև այդ պետությունը զարգանում էր ճիշտ ուղիով և հանկարծ գործվել է սխալը: 1995 թվականի ընտրությունը դրանից առաջ եղած զարգացումների հետևանք էր, երբ իշխանությունը կամաց-կամաց անցնում էր արկածախնդիրների, դաշտային գեներալների վերահսկողության ներքո, երբ ձևավորվում էին առաջին գեներալ կամ գնդապետ ֆեոդալները, երբ քաղաքական իշխանությունը կամաց-կամաց նրանց ներառում էր հասարակության և ընդդիմության հետ իր հարաբերության գործիքակազմ, նրանց դարձնում էր իր համար բարոյա-քաղաքական և ուժային զրահ:

Մեզանում կա թյուր տպավորություն, թե ամեն ինչի պատճառը կեղծված ընտրություններն են: Իրականում, ընտրությունները Հայաստանի իշխող համակարգի մեծահոգությունն են, շռայլությունը հասարակությանը, որովհետև ռազմաֆեոդալական զրահով ձևավորված քաղաքական իշխանությունը շատ հանգիստ կարող էր գնալ ոչ թե ընտրությունները կեղծելու, այլ դրանք ընդհանրապես որպես ինստիտուտ վերացնելու ճանապարհով: Եվ այդ քայլին չեն գնացել ոչ թե ժողովրդավարական գիտակցության կամ արժեքների սիրույն, այլ միջազգային կամ տարածաշրջանային քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Ընտրակեղծիքների ինստիտուտը ընդամենը հետևանք է: Այդ ինստիտուտը ներդնելու համար պետք էր համապատասխան որակների և մտածողության իշխանություն, այսինքն՝ իշխանությունն, ըստ էության, իր բնույթով հակադեմոկրատական,հակաժողովրդական պետք է լիներ, այդպիսի ինստիտուտ ներդնելու, ընտրակեղծիքներ անելու համար:

Հետագայում արդեն այդ ամենն ընդամենը բյուրեղանում էր, ու որքան բյուրեղանում էր համակարգը, այդքան ի թիվս այլ արատների բյուրեղանում էր ընտրակեղծիքների «արդյունաբերությունըե, ոչնչացվում էր քաղաքական դասը և այն փոխարինվում անվանական ցուցանակներով: Զուգահեռաբար ոչնչանում էին նաև հանրային արժանապատվության օջախները, նենգափոխվում էին հասարակական արժեքները: Հայաստանում մեկը մյուսին հաջորդած երեք վարչակարգերը' իրենց հիմնական, այսպես ասած՝ բազիսային ընդհանրությամբ, իրավիճակը երկրում հաջորդաբար հասցրին այն ամայության, որ կա այսօր: Այն տիկնիկային թատրոնը, որի մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, հավաքել են հենց իրենք, տարեցտարի, տիկնիկ առ տիկնիկ, ռեկվիզիտ առ ռեկվիզիտ, քայլ առ քայլ:

Որևէ մեկից պետք չէ դժգոհել: Երեք նախագահների վնասակար մրցակցությունից դժգոհել կարող են բոլորը՝ բացի երեք նախագահներից, որովհետև նրանցից ամեն մեկը քսան տարվա ընթացքում ունեցել է իրավիճակը փոխելու իր հնարավորությունը, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, սակայն ոչ ոք չի օգտվել այդ հնարավորությունից: Այդ հնարավորությունն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը թե իր նախագահության տարիներին, թե ընդդիմության առաջնորդ եղած ժամանակաշրջանում: Սակայն, եթե իշխանության տարիներին նա դրեց ամբողջատիրական իշխանության հիմքերը, ապա ընդդիմության առաջնորդ եղած տարիներին էլ, ըստ էության, ամբողջատիրական ընդդիմության բուրգ կառուցեց:

Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության ընթացքում վարպետորեն կատարելագործելով Տեր-Պետրոսյանի թողած Ժառանգությունը, իր նախագահությունը թողնելուց հետո, ըստ էության, դարձավ նրա գործընկերը ընդդիմադիր դաշտը վերջնականապես քանդելու և փոշիացնելու, իշխանության որակները այնտեղ, ըստ էության, հայելային արտացոլանքով պրոյեկտելու գործում:

Իսկ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ իշխանական համակարգի արատավորման գործընթացին մասնակցելով որպես Տեր-Պետրոսյանի, իսկ հետո Քոչարյանի վարչակարգի առանցքային դեմքերից մեկը, իր նախագահության տարիներին փաստացի ոչինչ չարեց այդ համակարգը էապես փոխելու համար, ու նաև իր՝ ըստ էության անգործությամբ ու նաև ապաշնորհ քաղաքականությամբ թույլ տվեց Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հանգիստ կերպով ստանալ իշխանության հայելի ընդդիմություն, այդ գործընթացում տեսնելով համեմատաբար հանգիստ անցում իր երկրորդ ժամկետին:

Եթե երեքից որևէ մեկի մոտ կա կատարվածի ամբողջական գիտակցումը, ապա շատ լավ, թեև դրա նշանները որևէ մեկի մոտ կարծես թե հիմնարար կերպով չեն էլ նկատվում: Բայց կարևորն այն է, որ երկու տասնամյակի ընթացքում կատարվածի ամբողջական գիտակցումը ձևավորվի հասարակության մոտ: Դրա արտահայտումը, դրսևորումը ամենևին չպետք է լինի ատելությունը երեք նախագահների հանդեպ կամ նրանց հանդեպ հանրային ագրեսիայի որևէ այլ դրսևորում: Այդ կատարվածի գիտակցման ամբողջականությունը կամ լիարժեքությունը վկայող իրողությունը պետք է լինի ձերբազատումը քաղաքական կյանքի և գործընթացի վերաբերյալ հասկացությունների և պատկերացումների այն համակարգից, որի ճարտարապետներն են երեք նախագահները:

Դատապարտելու, խարանելու խնդիր չկա: Ի վերջո, խնդիրը պետությունը ներկայիս վիճակից դուրս բերելն է, իսկ դա պահանջում է ընդամենը պարզ գիտակցումն այն բանի, որ երկու տասնամյակ ձևավորված և համակողմանիորեն գեներացված պատկերացումները եղել են սխալ, անարդյունավետ, պետությանն ու հասարակությանը հանգեցրել են թե իշխանական, թե ընդդիմադիր համակարգային կոլապսի առաջ: Իսկ պարզ հետևությունն այդ ամենից այն է, որ պետք է դուրս գալ այդ կոլապսի հանգեցրած և իր շրջանի շուրջ պտտվող պատկերացումների, մտածողության շրջանակից, պետք է ձերբազատվել քաղաքական կուռքերից կամ կնքահայրերից, առավել ևս, որ վերջին շրջանում նրանցից յուրաքանչյուրի, այսպես կոչված, բացատրությունները հանդիսանում են յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք սակայն կարող են լինել ընդամենը հանցանքը մեղմացնող հանգամանքներ, ոչ թե նոր կտակարաններ: