Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ ձեւավորվել է անկախ բժիշկների կոմիտե, որն էլ առաջիկա երկու օրվա ընթացքում կհետազոտի հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին եւ հստակ գնահատական կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարարի ընկեր Մացակ Փոլադյանն ասաց, որ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո պարզ կլինի' Հայրապետյանին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ:
«Հայրապետյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ եւ մենք վստահ ենք, որ բժիշկներն էլ իրենց եզրակացության մեջ պետք է շեշտեն այդ փաստն ու պահանջեն, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց»,- ասաց Փոլադյանը' հավելելով, որ առավոտյան գործարարի ինքնազգացողությունը վատացել է: «Նա բանտի պայմանների համար չէ եւ այս ամենից շատ է ճնշվում: Նա հոգեպես վատ վիճակում է գտնվում եւ այդ ընկճվածությունը բացասական ազդեցություն է թողնում նրա առողջական վիճակի վրա»,- ասաց Փոլադյանը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, ո ր Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակե րպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: