ՀՀ բնապահպանության նախարարության՝ հուլիսի 21-25-ը ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթ հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես' Լոռու տարածքային բաժնի վարույթ հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 213.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 100.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած' հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթ հանձնված երեք և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված' փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Հաշվարկվել է 16.8 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.6 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10 գծմ ձկնորսական ցանց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն. դր. գումար: