ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ' միևնույն ժամանակ կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը:
Ընդգծվել է կանադահայ համայնքի դերը՝ իբրև երկու երկրներին միացնող կարևոր օղակի:
Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրել է երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:
Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի կողմից 2004 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի' ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները: