ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի պետական համալսարան, ուր, ավանդույթի համաձայն, առաջին դասախոսությունն է կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈՒՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ուսումնակար տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերա բերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից բխող՝ Եվրասիական միությանն անդամակցության գործընթացից։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱԳՆ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հետևողական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձել հարևան երկրների հետ հարաբերություններին, այլ պետությունների հետ՝ Հայաստանի ընդլայնվող կ ապերին:
Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր Թուրքիայի Նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարարի վերջին այցելությունը Անկարա։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշել է, որ դա առիթ էր՝ Նախագահ Էրդողանին հանձնելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է միջազգային հանրության աջակցությունը վայելող' առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարագավորելու Հայաստանի դիրքորոշումը։
Նախարարի ելույթից առաջ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայությամբ, արտգորնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ԱԳՆ և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը միտված է առավել ամրապնդելու արտաքին քաղաքական գերատեսչության և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև վերջին տարիներին հաստատված համագործակցությունը: