Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը:

 

Ողջունելով տիկին Վասալին' Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորել Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ փոխգործակցության խորացման գործում:

 

Հսղորդագրության մեջ նաև նշված է. «Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը: Զրուցակիցները կարևորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և ընդլայնման գործում։

 

Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ներկայացուցչական պատվիրակության այցելության նպատակը, Բուշ դյու Ռոնի և Հայաստանի մարզերի միջև փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։

 

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»։