Թուրքաբնակ քրդերի «Քրդական համայնքների միություն» (KCK) կազմակերպության գործադիր խորհուրդը հանդես է եկել Թուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ, որում իր համակիրներին կոչ է արել չքվեարկել նախագահի թեկնածու, Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օգտին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, հայտարարաւոթյան մեջ KCK-ը նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները չպետք է արժանանան այն դժբախտությանը, որ երկրի նախագահ ընտրվի Էրդողանը:

 

KCK-ն քրդական ընտրազանգվածին կոչ է արել քվեարկել Թուրքիայի նախագահի ազգությամբ զազա-քուրդ թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշի օգտին, ում թեկնածությունն առաջադրել է քրդեամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուակցությունը (HDP):

 

KCK-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդավարության, խաղաղության եւ եղբայրության համար պետք է քվեարկել թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշի օգտին: Դրա համար կոչ ենք անում բոլոր քրդերին, հայերին, ասորիներին, ալեւիներին եւ մյուս էթնիկ խմբերին ձայնը տալ Դեմիրթաշին»:

 

Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահի երրրոդ թեկնածուն, ով առաջադրվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Ազագյանական շարժում» կուսակցությունների կողմից, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն է: Նա համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը:

 

Թուրքական ORC հետազոտական կենտրոնի կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն' ընտրողների 54,5 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Էրդողանին, 38,0 տոկոսը' Իհսանօղլուին, եւ 7,7 տոկոսը' Դեմիրթաշին: