Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հուլիսի 30-ին ընդունել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Մկրտչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, հանդիպմանը ներկա է եղել Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Գայանե Մկրտչյանը մարզպետին է ներկայացրել հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Ներկայացվել են նաև հիմնադրամի աշխատանքները Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղղությունները մարզպետարանի հետ: Գայանե Մկրտչյանը մարզպետին տեղեկացրել է, որ առաջիկայում Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության նոր ծրագիր է ակնկալվում Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների միջև, որի վերաբերյալ էլ հանդես է եկել առաջարկություններով:
Կարևորելով համագործակցությունը՝ մարզպետ Հովիկ Աբովյանն իր նկատառումներն է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա իրականացմանը:
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. նպատակն է' կոնկրետ ծրագրերի միջոցով բարելավել ինչպես տվյալ համայնքի, այնպես էլ դրա անդամների կյանքի պայմանները: