Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները շարունակվում են: Այդ նպատակով Սյունիք գյուղական համայնքի ավագանին, ընդառաջելով Կապանի քաղաքապետարանի խնդրանքին, համաձայնություն է տվել «Կապան» օդանավակայանի պետական սեփականություն հանդիսացող մոտ 40 հա սպասարկման հողամասը Սյունիքի համայնքի վարչական տարածքից հանելու եւ Կապան համայնքին տրամադրելու մասին:
Հուլիսի 30-ին Կապանի ավագանին իր արտահերթ նիստում համաձայնություն է տվել այդ հողամասը Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելուն: Թե՛ Սյունիք համայնքի, եւ թե՛ Կապան համայնքի ավագանիների ընդունած որոշումները համապատասխան գրությամբ ներկայացվելու են կառավարություն, որն էլ օրենսդրական փոփոխություն կատարելու առաջարկությամբ հանդես է գալու ԱԺ-ում:
Օրենսդիրի կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում հողամասի սեփականատիրոջ փոփոխությունը վերջնական տեսք է ստանալու: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման փաթեթն արդեն ներկայացված է կառավարությանը:
Գոհար Իսախանյան