Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության թեման տարբեր երկրների դասագրքերում ներառելիս նյութը կառուցել տվյալ երկրի պատմության համատեքստում: Այդ սկզբունքի կիրառումը թույլ կտա, որպեսզի օտար աշակերտը Հայոց ցեղասպանության մասին տեղեկանա որպես իր պատմության մի մասի: «Արմենպրես»-ի հետ զրույցում սփյուռքի ու հայ աշակերտների համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասագիրք կազմած դասախոսը նշում է, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պատրաստել է 2-3 էջանոց նյութ Հայոց ցեղասպանության մասին, որը պետք է տեղադրվի Կալիֆորնիա նահանգի տարբեր շրջանների դասագրքերում:
Ռուբինա Փիրումյանը ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել են ամերիկահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության թեման պարտադիր ուսումնական ծրագրի մաս դարձնելու համար: «Կալիֆորնիայի ամերիկյան դպրոցներում շատ տարիներ առաջվանից Հայ դատի հանձնախումբն աշխատանք տարավ և կարողացավ դասածրագրի մեջ պարտադրաբար գրել, որ դասագրքերը պետք է անդրադառնան Հայոց ցեղասպանության, հրեական ողջակիզման և Կամբոջայի ցեղասպանությանը: Դա դրված էր միայն դասածրագրի մեջ ու դասագիրք պատրաստողների հայեցողությանն էր թողնված, թե ինչպես կանդրադառնան հարցին: Դրանից հետո որոշ նահանգներ նույն տեսակի որոշումներ կայացրեցին, որ դասագրքեր կազմող մեծ ընկերություններն անդրադառնան ցեղասպանության հարցին»,-ասաց Ռուբինա Փիրումյանը:
Նրա խոսքով' քանի որ Աշխարհի պատմության 10-րդ դասարանի գրքում խոսվում էր Առաջին համաշխարհային պատերազմի մասին, որոշվեց այդ մասում ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին տեքստ, որը, սակայն, թուրքական լոբբինգի արդյունքում խեղաթյուրեց իրականությունը: «Դասագրքերը բավական անհաջող դուրս եկան, քանի որ թուրքերը շատ մեծ աշխատանք տարան, հսկայական բողոքի ալիք բարձրացավ: Իրենք նշում էին, եթե դուք ցանկանում եք 1915-ի դեպքերը ներառել դասագրքերում, ապա պետք է լսեք երկու կողմերին, երկու կողմն էլ իրենց պատմությունն ունեն: Բավականին պարտադրանք եղավ, դասագրքերում եղածը սոսկալի անհաջող, շատ անգամ ոչինչ չասող ստացվեց: Մեկ-երկու տարի է, որ կրկին պայքար է գնում, որ դասագրքերում դրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ավելացրեց ամերիկահայ դասախոսը:
Ներկայում ևս Կալիֆորնիայում օրինական հիմքով պարտադրված է շրջաններին դպրոցներում անցնել Հայոց ցեղասպանության մասին: «Դա առիթ է տալիս, որ Հայ դատի Կրթական հանձնախումբը, որքան կարող է, շատ նյութեր, մանավանդ, լսողատեսողական նյութեր տրամադրի դպրոցներին: Մեր գործունեության կարևոր կետերից մեկն էլ այն է, որ պարտադրենք դասագիրք կազմողներն, որ մեր շարադրածը տեղադրեն, որում արտացոլվում է Հայոց ցեղապսանությունն իր ողջ իրականության մեջ»,-ընդգծեց Ռուբինա Փիրումյանը' հավելելով, որ արդեն պատրաստ է երկու-երեք էջի սահմաններում նյութ' իր նկարնե րով, որը պետք է տեղադրվի Կալիֆորնիայում դասավանդվող դասագրքերում:
«Բավական աշխատանք է տարվում, մեծ հետաքրքրություն կա դպրոցների կողմից: Մեզ ու տարբեր կազմակերպությունների դիմում են, որ ցանկանում են խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նրանք ասում են' եթե նյութը տրամադրեք, դասախոսների տրամադրեք, մենք կդասավանդեք Հայոց ցեղասպանության մասին: Մեր գործն էլ դա է. գրքեր, լսողատեսողական նյութեր տրամադրելը»,-ավելացրեց «Արմենպրես»-ի զրույցակիցը:
Հարցին ի պատասխան, թե որքանով կիրառելի կլինի ամերիկյան տեքստն այլ երկրների դասագրքերում ներառելու համար' Ռուբինը Փիրումյանը նշեց. «Եթե ուրիշ երկրներում արդեն աշխատանք տարված լինի, որ դասագրքերում տեղադրեն Հայոց ցեղասպանության մասին, կարծում եմ' ավելի դյուրին կլինի այն հարմարեցնել տվյալ երկրի պատմությանը:
Մեր տեքստի մեջ մենք անդադար հղում ենք կատարել ամերիկյան մասնակցությանը, որպեսզի ամերիկյան աշակերտը այն կարդա որպես ամերիկյան պատմության մի մաս: Եթե ամերիկացի միսիոներները գնացել ու օգնել են, եթե Հենրի Մորգենթաուն օգնել է, ապա սա ինտեգրված է ամերիկյան կոնտեքստի համար: Եթե տարբեր երկրներում կարողանան այս սկզբունքով գրել, շատ ավելի ազդեցիկ կլինի»,-ասաց նա:
Ռուբինա Փիրումյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանում էլ Հայոց ցեղասպանության դասավանդումը կդրվի պաշտոնական հիմքի վրա, ու դեռ փոքր տարիքից կսկսեն դասավանդել նյութը: «Փոքր տարիքից երեխաներին հարմար, պատշաճ նյութերով պետք է պատրաստել Հայոց ցեղասպանության թեման ըմբռնելու համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր անցյալը չէ, մեր ապագան է, մեր ներկան է, մեր պայքարի հիմքն է, մեր ազգային ինքնության որոշ մասն է: Կցանկանայի, որ այդ ձևով դաստիարակվեին հայաստանյան աշակերտները»-եզրափակեց Ռուբինա Փիրումյանը: